• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Թեսալիա» հեռուստատեսությանը (ուղիղ եթերով)

29 հոկտեմբերի, 2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Թեսալիա» հեռուստատեսությանը (ուղիղ եթերով)
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լրագրող. Բարի լույս։ Այսօր մեծ պատիվ է մեր հաղորդման ուղիղ եթերում հյուրընկալելու Հունաստանում Հայաստանի դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանին, ով առաջին անգամ է այցելում Լարիսա։ Նա սովորում է հունարեն, բայց դեռ լավ չի տիրապետում։ Հնարավոր է՝ երկրորդ այցի ժամանակ մենք կարողանանք անմիջապես խոսել հունարենով։ Ահա թե ինչու է նա ժպտում, որովհետև արդեն բավականին շատ բան է հասկանում։ Այսօր մեզ կօգնի պարոն Ստերգիոս Տացիոսը։ Իմ առաջին հարցը, պարոն Մկրտչյան, հետևյալն է. ո՞րն է Լարիսա այցելության Ձեր նպատակը:


Դեսպան Մկրտչյան. Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել հարցազրույցի և հետաքրքրության համար։ Սա իմ առաջին այցն է, այո, դուք ճիշտ եք, և ես հասկացա Ձեր հունարեն ամբողջ խոսքը։ Այսպիսով, սա իմ առաջին պաշտոնական այցն է, և կարծում եմ, որ Լարիսան շատ կարևոր հանգրվան է Հունաստանում՝ երկրի տնտեսական, պաշտպանական և մշակութային կյանքի ասպարեզներում:
Լարիսան ամենակարևոր շրջաններից մեկն է, քանի որ այն գտնվում է Հունաստանի կենտրոնական մասում՝ բաժանելով հյուսիսը կամ միավորելով հյուսիսը հարավի հետ, կամ հակառակը։ Այն նաև պատմականորեն շատ խորհրդանշական վայր է, քանի որ, երբ մենք գալիս էինք, անցանք Ֆարսալայի կողքով, որի շրջակայքում է լեգենդար հերոս Աքիլլեսի՝ իմ սիրելի հերոսի, ծննդավայրը, ինչպես նաև Հիպոկրատի։
Այսպիսով, Հունաստանի համար ամենակարևոր մարդկանցից մի քանիսը իրականում ծնվել են այստեղ կամ եկել են այստեղից։ Բացի այդ, հունական առասպելների և աշխարհագրագետ Ստրաբոնի նկարագրության համաձայն, Արգոնավորդներից մեկը, որի անունը Արմենոս էր, նույնպես եկել է այստեղից։


Լրագրող․ Այժմ կցանկանայինք, որ դեսպան Մկրտչյանը մեզ պատմի մի պատմություն, որը գուցե շատերը չգիտեն՝ թե ինչպես է առաջացել Հայաստանի անվանումը և ինչ կապ ունի այն «Արմենիո» գյուղի հետ՝ ըստ պատմաբան Ստրաբոնի հիշատակումների:


Դեսպան Մկրտչյան․ Այո։ Ինչպես նշեցիք, այս վայրը հնագույն ծագում ունի։ Ըստ Ստրաբոնի՝ արգոնավորդներից մեկը՝ Արմենոս անունով, եկել է հենց այստեղից։ Իհարկե, հայկական ծագման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան, և գիտականորեն առավել հավաստի տարբերակն այն է, որ հայերը ավտոխտոն են, ծագում են հենց Հայաստանից։ Սակայն այն հանգամանքը, որ Ստրաբոնը հատուկ ընդգծում է այս հանգամանքը, ցույց է տալիս, թե որքան մոտ և փոխկապակցված էին հին հույները պատկերացնում հայերին՝ կապ, որը շարունակվում է մինչև այսօր։ Սա շատ կարևոր է հասկանալու համար։
Ինչո՞ւ եմ այստեղ։ Նախ և առաջ՝ մունիցիպալ դիվանագիտության շրջանակներում, քանի որ մենք միայն մայրաքաղաքում չենք գործում, մեր աշխատանքը միայն այնտեղ չի սահմանափակվում։ Մենք այցելում ենք այն երկրների կարևոր տարածաշրջաններ, որտեղ ծառայում ենք որպես դեսպաններ։ Երկու ամիս առաջ գտնվում էի Կրետեում, և մտածեցի, որ պետք է այցելեմ նաև Լարիսա՝ հանդիպելու տեղական իշխանությունների ներկայացուցիչների՝ քաղաքապետի, նահանգապետի, մշակույթի հարցերով փոխքաղաքապետի հետ, այցելելու թանգարաններ և մասնակցելու վաղվա ազգային տոնին նվիրված շքերթին։
Լարիսան շատ կարևոր կենտրոն է հանդիսացել նացիստներից ազատագրման պայքարում: Այդ իսկ պատճառով իմ ներկայությունը այստեղ վաղը ունի լրացուցիչ խորհրդանշական նշանակություն։
Կցանկանայի նաև ընդգծել, որ հայերը շատ կարևոր և էական դեր են ունեցել Հունաստանի նացիստական օկուպացիայի դեմ պայքարում։ Վերջերս այս թեմայով լույս են տեսել երկու խորքային աշխատություններ, և նույնիսկ դրանցից մեկի վերաբերյալ մենք կազմակերպեցինք շնորհանդես։


Լրագրող․ Հաջորդ հարցս վերաբերում է Հունաստան–Հայաստան հարաբերություններին՝ քաղաքական, տնտեսական և պաշտպանական մակարդակներում։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը։


Դեսպան Մկրտչյան․ Հունաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ լավ են զարգանում և գտնվում են բարձր մակարդակի վրա։ Մենք առաջ ենք մղում մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Մշակույթն ու կրթությունը նույնպես դարձել են մեր համագործակցության շատ կարևոր ուղղություններ։
Այս ամռանը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի հրավերով այցելեց Հունաստան։ Մեր նախարարը հանդիպում ունեցավ նաև կրթության և կրոնական հարցերով նախարար տիկին Զախարակիի հետ։ Այցի ընթացքում ստորագրվեցին հինգ համաձայնագրեր, ինչը որոշ առումով աննախադեպ քայլ էր։
Այսպիսով, պաշտպանական համագործակցությանը զուգընթաց, քաղաքական երկխոսությունն էլ է շատ ակտիվ։ Մեր արտաքին գործերի նախարարները և վարչապետները պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ թե՛ Աթենքում, թե՛ այլ մայրաքաղաքներում։ Հաջորդ տարի, երբ Երևանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հույս ունենք, որ վարչապետ Միցոտակիսը ևս հնարավորություն կունենա այցելելու Հայաստան։ Սա ևս մեկ խթան կլինի մեր հարաբերությունները առաջ մղելու համար։
Մենք աշխատանքներ ենք իրականացնում նաև բարձր մակարդակի այցելությունների կազմակերպման ուղղությամբ. մինչև այս տարվա վերջը, ամենայն հավանականությամբ, կունենանք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցը Հունաստան, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ ևս մեկ բարձր մակարդակի այցելություն, որը պարզ կլին ավելի ուշ։


Լրագրող․ Այժմ անդրադառնանք տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին. մի տարածաշրջան, որը վերջին տասնամյակներում մշտապես միջազգային ուշադրության կենտրոնում է գտնվել։ Ի՞նչ նոր իրականություն է հիմա ստեղծվել՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար:


Դեսպան Մկրտչյան․ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա նշեմ, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տան միջնորդությամբ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ հռչակագիրը։ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես որպես վկա համաստորագրեց այս հռչակագրի տակ։
Սա շատ կարևոր և պատմական փաստաթուղթ է, որն ուղեկցվեց խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և նախագահ Թրամփի ներկայությամբ։
Վաշինգտոնյան համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն մոտ ապագայի համար և կոչված են նպաստելու հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե, կարևոր է, որ վերջնական համաձայնագիրը ստորագրվի առանց որևէ նախապայմանի։ Մենք այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք և պահպանում ենք ակտիվ երկխոսություն ադրբեջանական կողմի հետ։
Սա շատ դրական զարգացում է Հարավային Կովկասի ապագայի համար, և այժմ հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները զարգացնելու խաղաղ և համագործակցային ուղով։ Այդ պատասխանատվությունը կրում են երկու երկրների ղեկավարները, և այս պահի դրությամբ դա հույս ներշնչող գործընթաց է։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում:
Կցանկանայի նաև ավելացնել, որ հռչակագրում ներառված է մի շատ կարևոր կետ՝ «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը նախատեսվում է ստեղծել Հայաստանի հարավային հատվածում և լինելու է Հայաստանի և նրա հարևանների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ավելի լայն գործընթացի մի մաս։
Սա լիովին համապատասխանում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Այս նախագծի նպատակն է Հայաստանը և տարածաշրջանը դարձնել հնարավորությունների և տնտեսական բարգավաճման գոտի՝ հեռանալով հակամարտության տարածաշրջանի հին պատկերացումից, նախկինում հայտնի տեսլականից, որ սա հակամարտության գոտի էր։ Այսպիսով, հիմա մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք այդ հարաբերությունները զարգացնելու խաղաղ և պատշաճ ձևով։


Լրագրող․ Արդյո՞ք դուք առավելություն, թե՞ թերություն եք համարում այն փաստը, որ այսքան շատ հայեր են ապրում արտասահմանում՝ մոտ 3 միլիոնը Հայաստանում և շուրջ 9 միլիոնը՝ երկրի սահմաններից դուրս։


Դեսպան Մկրտչյան․ Դա, իհարկե, ցավալի առավելություն է։ Լավ բան չէ, որ ժողովուրդը ցրված է աշխարհով մեկ։ Դա տեղի է ունեցել հալածանքների, ցեղասպանության և մեր ժողովրդի կրած տառապանքների հետևանքով, ինչպես նաև այն տառապանքների, որոնք դարերի ընթացքում կրել են հույները։
Ահա թե ինչու մեր ժողովուրդները տարածված են ամբողջ աշխարհում և ունեն սփյուռքներ՝ ոչ թե բախտի բերումով, այլ դժբախտ պատմական իրադարձությունների հետևանքով։
Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայերը տարբեր երկրներում կարողացել են հաստատվել, դարձել են հասարակության լիարժեք և հարգված անդամներ՝ միաժամանակ լինելով ամուր կամուրջներ այդ երկրների և Հայաստանի միջև, անկասկած առավելություն է։
Հայաստանը միշտ ունեցել է ամուր սփյուռքի քաղաքականություն։ Նախկինում մենք ունեինք Սփյուռքի նախարարություն, իսկ այժմ գործում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, ով զբաղվում է սփյուռքի հարցերով և փորձում է հնարավորինս արդյունավետ օգտագործել սփյուռքի ներուժը Հայաստանի շահերի համար։


Լրագրող. Շատ շնորհակալություն, պարոն դեսպան, մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար։ Դա մեծ պատիվ է մեզ համար։ Ինչպես գիտեք, Հունաստանում կա մեծ հայկական համայնք՝ բազմաթիվ փախստականներով, ովքեր եկել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Ինչպիսի՞ զգացողություն է մի փոքր երկրի՝ Հայաստանի համար, որը շրջապատված է մեծ հարևաններով՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան կամ Ադրբեջան, երբեմն բարեկամական, իսկ երբեմն՝ թշնամական վերաբերմունքով։


Դեսպան Մկրտչյան․ Միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ կապված է գոյատևման հետ։ Երբ գոյատևումն ապահովված է, հաջորդ փուլում խոսքը գնում է բարգավաճման մասին։ Սակայն նախ պետք է համոզված լինես, որ քո գոյությունը վտանգված չէ։ Դրա համար մեծ պատասխանատվություն են կրում քաղաքական գործիչներն ու դիվանագետները։
Իհարկե, միշտ կլինեն մարդիկ, ովքեր քննադատում են կառավարությանը կամ արտաքին քաղաքականությունը։ Բայց երբ դու ղեկավար դիրքում ես, դու պատասխանատվություն ես կրում յուրաքանչյուր մարդկային կորստի կամ ցանկացած ավելի մեծ ողբերգության համար, որը կարող է պատահել քո ժողովրդի հետ։ Այդ պատճառով պետք է փորձես գտնել այնպիսի լուծումներ, որոնք բխում են քո ժողովրդի լավագույն շահերից։
Հատկապես 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի և 2023 թվականի Ղարաբաղի էթնիկ զտումներից հետո մենք պետք է ապահովենք, որ նման սցենարներ այլևս երբեք չկրկնվեն։ Ահա թե ինչու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և, ամենակարևորը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության, կայունության և ապագայի համար։ Այս տրամաբանությունը մեր կառավարության արտաքին քաղաքականության անկյունաքարն է։


Լրագրող. Պարոն դեսպան, շատ շնորհակալ եմ։ Մեծ պատիվ էր Ձեզ մեզ մոտ հյուրընկալելը։


Դեսպան Մկրտչյան. Շատ շնորհակալ եմ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: