• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Էլեֆթերիա» (տպագիր և առցանց) օրաթերթի հարցազրույցը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ

13 նոյեմբերի, 2025

Հարց. Ձերդ Գերազանցություն, ո՞րն է Լարիսա կատարած Ձեր այցի նպատակը։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Լարիսան շատ կարևոր տեղ է զբաղեցնում Հունաստանի քաղաքական, տնտեսական և ռազմավարական աշխարհագրության մեջ։ Մեզ համար առանցքային է զարգացնել հարաբերություններ ոչ միայն Աթենքի կամ Սալոնիկի իշխանությունների, այլև Հունաստանի մյուս խոշոր քաղաքների և տարածաշրջանների հետ։ Լարիսան պատմական կապեր ունի Հայաստանի և հայերի հետ։
Մենք գիտենք, օրինակ, որ ըստ Ստրաբոնի՝ Ք․Ա․ առաջին դարի աշխարհագրի կողմից շարադրված առասպելական արգոնավորդների արշավանքը նկարագրով լեգենդից, որ արգոնավորդներից մեկը եղել է Արմենիոսը։ Լարիսայի մոտ գտնվող այս գյուղը կոչվում է Արմենիո, և այս անունը պահպանվել է շատ երկար ժամանակ։ Ստրաբոնի համաձայն՝ սա այն վարկածներից մեկն է, թե ինչպես է Հայաստանը ստացել իր անունը, թեև գիտնականները կարծում են, որ հայերը տեղաբնիկ (ավտոխթոն) ժողովուրդ են։
Բացի այդ, դասական շրջանի ընթացքում հայերը թատրոններում կրում էին «պուկամիսներ» (տոգաներ), որոնք նման էին Թեսալիայում կրած հագուստին․ սա օրինակ է գոյություն ունեցած մշակութային կապերի։ Պլուտարքոսն իր «Կրասոսի կյանքը» կենսագրության մեջ հիշատակում է, որ հայոց արքա և Տիգրան Մեծի որդի Արտավազդը ողբերգություններ էր գրում հունարեն և Պարսից թագավորի հետ միասին դիտում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիների» բեմականացումը հայկական մայրաքաղաք Արտաշատի թատրոնում։
Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կապված են եղել հայերն ու հույները հազարամյակներ շարունակ։ Դրանից ելնելով՝ Թեսալիան ունի իր տեղը այս մեծ պատկերում՝ հայերի պատմական ընկալման համատեքստում։


Հարց. Ինչպե՞ս են այս պատմական կապերը հարաբերվում ժամանակակից համագործակցության հետ։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Իմ այցն այստեղ գործնական բնույթ ունի: Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը Թեսալիայի և Հայաստանի համապատասխան շրջանների միջև: Տեղական մարմիններn այստեղ, ինչպիսիք են քաղաքապետը և մարզպետը, շեշտը դնում են տեխնոլոգիական զարգացման, կանաչ էներգիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների, կրթության և մշակութային դիվանագիտության վրա: Այս ոլորտները իրենց քաղաքականության հիմնական տարրերն են, և Հայաստանի կառավարությունը վճռականորեն աջակցում է այս ոլորտների զարգացմանը մեր համապատասխան քաղաքականություններում:
Հետևաբար, մեծ հավանականություն կա, որ կարող ենք Թեսալիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդհանուր հետաքրքրությունների ոլորտներ բացահայտել։


Հարց. Ինչպե՞ս եք գնահատում այսօր Հունաստանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական հարաբերությունները։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Մշակութային և կրթական կապերը շատ կարևոր են։ Այս տարի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը բավական հաջող այց կատարեց Հունաստան, որտեղ երկու երկրների իրավասու նախարարությունների միջև ստորագրվեց հինգ համաձայնագիր՝ չորսը՝ մշակույթի և մեկը՝ կրթության ոլորտում։
Բացի այդ, մշակութային հարցերի շուրջ կան բազմաթիվ միջոցառումներ և համագործակցության շրջանակներ։ Կրթության ոլորտում, օրինակ, Աթենքի Կապոդիստրյան համալսարանը համագործակցում է Երևանի պետական ​​համալսարանի հետ, Երևանի բժշկական համալսարանը զարգացնում է համագործակցությունը Հերակլիոնի համալսարանի բժշկական դպրոցի հետ։ Թրակիայի Դեմոկրիտեսի անվան համալսարանում գործում է հայագիտական ​​կենտրոն։ Աթենքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան միջև նույնպես երկխոսություն է ընթանում։ Այս հարաբերությունները անընդհատ ընդլայնվում և խորանում են։ Ինձ համար ուրախալի է նշել, որ ակտիվ համագործակցություն կա հայկական և հունական թանգարանների միջև, և հույս ունեմ, որ շուտով լավ և կարևոր նշանակության լուրեր կունենանք։


Հարց. Իսկ ի՞նչ կասեք տնտեսական համագործակցության մասին։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Հունաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը շատ բարձր է և ունի զգալի հեռանկարներ։ Այնուամենայնիվ, Հայաստանից ապրանքների մատակարարման հետ կապված դեռևս կան դժվարություններ, քանի որ երկիրը դեռևս չունի բաց սահման Թուրքիայի հետ։ Սա նշանակում է, որ ապրանքները պետք է տեղափոխվեն երրորդ երկրներով և ծովային ճանապարհներով, ինչպիսիք են՝ Վրաստանով և Սև ծովով կամ Բուլղարիայով։ Այս ընթացակարգերը պահանջում են ավելի շատ ժամանակ, ռեսուրսներ և բյուրոկրատիա։
Մենք հույս ունենք, որ ապագայում, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն, տնտեսական օգուտներ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Հունաստանի համար, ինչպես նաև կշահեն Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերը։


Հարց. Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի և Եվրամիության դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին աջակցելու գործում։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Եվրամիությունը ռազմավարական գործընկեր է Հայաստանի զարգացման համար։ Հայաստանի վարչապետը վերջերս ընդգծեց, որ Հայաստանի ձգտումը համապատասխանելու եվրոպական չափանիշներին աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ, այլ երկրի համար ժողովրդավարական ուղու ընտրություն։ Երկրի խորհրդարանը հաստատեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը պահանջում է բազմաթիվ փուլեր և իրավական ընթացակարգեր՝ ինչպես մեզանից, այնպես էլ՝ Եվրոպայից։ Հայաստանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում, որոնք ավելի են ամրապնդում մեր հանձնառությունը եվրոպական արժեքներին։
Եվրոպան, նաև Եվրոպական խաղաղության գործիքակազմի միջոցով, նպաստում է Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը: Հայաստանում Եվրոպական քաղաքացիական առաքելությունը նույնպես շատ կայունացնող ազդեցություն է ունեցել հաստատված խաղաղության վրա: Այլ կերպ ասած, Եվրոպան ունի գործողությունների բազմաթիվ հնարավորություններ, որոնք նպաստում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը։


Հարց. Եվ ավելի անձնական հարց. ի՞նչ տպավորություն ունեք Լարիսայի և նրա քաղաքացիների մասին։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Լարիսայի հետ իմ առաջին շփումը տեղի ունեցավ իմ ընկերոջ՝ Ստերգիոս Տացիոսի միջոցով, ով հրաշալի հույն է և ուսուցիչ: Ես արդեն գիտեի, թե ինչ է Լարիսան և որտեղ է գտնվում, քանի որ այնտեղով անցել էի 1999 թվականին՝ Աթենքից Սալոնիկ գնացքով ճանապարհորդելիս: Այդ ժամանակ չէի կարող պատկերացնել, որ կդառնամ դեսպան և պաշտոնապես կգամ Լարիսա։
Քաղաքից շատ դրական տպավորություններ ունեմ. այն աշխույժ է, երիտասարդներով, գեղեցիկ հրապարակներով, կենտրոնում շատրվաններով և ժամանակակից հունական երաժշտությամբ: Ես նաև այցելել եմ Լարիսայի հին թատրոն և տպավորված եմ ժամանակակիցի և հնագույնի համադրությամբ, որոնք ներդաշնակորեն համատեղվում են։


Հարց. Ի՞նչ է նշանակում ձեզ համար Հին Հունաստանի պատմությունը։


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Հին Հունաստանի պատմությունը ինձ համար ոգեշնչման մշտական ​​աղբյուր է։ Օրինակ, ես չէի կարող հեռանալ այստեղից, եթե չտեսնեի Հին թատրոնը։ Նմանատիպ փորձառություն ես ունեցել եմ Հռոմում տասը տարի առաջ, երբ տեղատարափ անձրևի տակ, որը չէր դադարում Հավերժական քաղաք ժամանելուցս հետո, տարիներ շարունակ երազելով այնտեղ լինելու մասին, այցելեցի Կոլիզեում և Ֆորում։ Չնայած ժվարություններին՝ այցելությունն անգնահատելի էր, և ես նույնը զգացի նաև այստեղ՝ Լարիսայում։


Հարց. Որո՞նք են Հունաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու հաջորդ քայլերը:


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Մենք ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն և տեխնոլոգիաներ: Քաղաքական երկխոսությունը և պաշտպանական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա են: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև այս կապերի միաժամանակյա և հետևողական զարգացումը մեզ հասցրել է մի հանգրվանի, երբ ժամանակն է դրանք պաշտոնապես բնութագրել որպես ռազմավարական գործընկերություն:
Ինչ վերաբերում է Եվրոպային, այժմ ԵՄ-ի հետ կա նոր, հավակնոտ գործընկերային օրակարգ՝ զգալի ֆինանսական բաղադրիչով, և Եվրոպան այս համատեքստում լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:


Հարց. Ի՞նչ տպավորություն է միշտ Ձեզ հետ մնալու Լարիսայից:


Դեսպան Տիգրան Մկրտչյան. Ինձ համար Լարիսան ոչ միայն պատմական նշանակություն ունեցող քաղաք է: Այն քաղաք է, որտեղ ավանդույթը և ժամանակակից կյանքը ներդաշնակորեն համակեցության մեջ են: Նրա կենսունակությունը, երիտասարդությունը, գեղեցիկ հրապարակները, շատրվանները, ժամանակակից երաժշտությունը և հին պատմությունը կազմում են շատ հարուստ մշակութային տեսարան: Այստեղ դուք տեսնում եք, թե ինչպես է պատմությունը ոգեշնչում ներկան և ապագան, ինչը նաև արտացոլվում է Հունաստանի և Հայաստանի միջև համագործակցության մեջ:


Հարց. Եվ վերջին հարցը: Պարոն դեսպան, վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց վաշինգտոնյան հռչակագիրը: Ի՞նչ է այն ներառում և ո՞րն է դրա իրականացման շրջանակը:
Դեսպան Տիգրան Մկրտչյան. Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, որում առկա է նաև ԱՄՆ նախագահի ստորագրությունը, կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից և վերաբերում է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, ինչպես նաև սահմանում է երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման փիլիսոփայությունը։ Այս փաստաթղթերը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության անփոխարինելի բաղադրիչներ են, քանի որ հաստատում են այն ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնք հետապնդելու են Հայաստանն ու Ադրբեջանը։
Հռչակագիրը սահմանում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» (TRIPP)՝ ռազմավարական կապ Հայաստանի հարավային մասում, որը, տարածաշրջանում այլ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ մեկտեղ, նպատակ ունի վերականգնել Հայաստանի և նրա հարևան երկրների միջև բոլոր երթուղիները՝ հարգելով յուրաքանչյուր շահագրգիռ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ TRIPP նախագիծը լիովին համապատասխանում է և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ է` նպատակ ունենալով զարգացնել կայուն առևտրային և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Ես կցանկանայի ընդգծել, որ հռչակագիրը չի ներառում վերը նշված կետերից բացի որևէ այլ բան։ Միացյալ Նահանգները ակտիվորեն աջակցել է գործընթացին, և հռչակագիրը հիմք է հանդիսանում Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կամրապնդող խելամիտ համագործակցության իրականացման համար։
Խաղաղության և անվտանգության հասնելը շատ ավելի բարդ է, քան պարզապես դրանք ցանկանալը։ Եվ հաջողակ պետականաշինության խնդիրն է օգտագործել խաղաղություն հաստատելու հնարավորությունները և կանխարգելել խաղաղության կառուցման ընթացքում առաջացող մարտահրավերները։ Վերջապես խաղաղություն հաստատելը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում։ Եվ որոշում կայացնողները մեծ պատասխանատվություն ունեն այս շահը առաջ տանելու և այն չվնասելու Վաշինգտոնի հռչակագրին հակասող գործողություններով և/կամ հայտարարություններով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: