• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը հյուսիսային Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից TV100 Thessaloniki-ին

12 մարտի, 2022

Լրագրող: (Խոսում է հունարեն) Տիկնայք և պարոնայք, բարի երեկո: Այսօր մեր հյուրն է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Պարոն Մկրտչյան, մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Երախտապարտ ենք, որ մեզ հետ եք:

Դեսպան Մկրտչյան: Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Մեծ պատիվ է ինձ համար։

Լրագրող: Ես տեղյակ եմ, որ Դուք մի քիչ խոսում եք հունարեն, և այդ պատճառով բացման խոսքս հունարեն էր, բայց, իհարկե, մենք այս պահից ի վեր կշարունակենք անգլերենով: Անդրադառնալով հարցերի հարցին՝ ես կցանկանայի քննարկումը սկսել այս օրերի մեծ խնդրով՝ պատերազմով: Ո՞րն է ձեր երկրի պաշտոնական դիրքորոշումը Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ:

Դեսպան Մկրտչյան: Պաշտոնական դիրքորոշումն, անշուշտ, հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելն է, սատարելով երկու կողմերին հասնելու իրական լուծմանը, քանի որ դա մարդկային ողբերգություն է, որը զարգանում է Ուկրաինայում՝ և վերաբերում Եվրոպայում առաջին և երրորդ ամենամեծ հայկական համայնքներին: Ամենամեծ համայանքը Ռուսաստանում է, և մեծությամբ երրորդը՝ Ուկրաինայում, ուստի Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջին հերթին պաշտպանի իր հայրենակիցներին, որոնք, ցավոք, ներգրավված են այդ հակամարտության մեջ երկու կողմերում էլ: Մենք, իհարկե, շուտափույթ լուծում ենք ցանկանում, Ուկրաինայում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում:

Լրագրող. Հիմա որո՞նք են պատերազմի հետ կապված ձեր ամենամեծ մտավախությունները: Ըստ Ձեզ, որքա՞ն է հավանականությունը, որ այն կարող է ընդլայնվել, և դեպի ո՞ր ուղղությամբ:

Դեսպան Մկրտչյան. Նախ և առաջ, ամենամեծ վախերից մեկը, բնականաբար, տեղի ունեցող մարդկային ողբերգությունն է՝ մահերը, մարդիկ, ովքեր մահանում են Ուկրաինայում։ Բնականաբար, դա նաև մեծ ազդեցություն է ունենում միգրանտների, փախստականների արտահոսքի վրա, և դուք կարող եք պատկերացնել, որ կան բազմաթիվ հայեր, ովքեր փորձում են այնտեղից դուրս գալ, հասնել Հայաստան կամ հարևան եվրոպական երկրներ:

Այսպես, մեր դիվանագիտական առաքելություններն իրենց ողջ կարողություններով ներգրավված են մեր հայրենակիցներին պաշտպանելու գործում և, բնականաբար, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք հակամարտության տարածման հնարավորությունների մասին, դրա ահագնացումը մեծ մտահոգություն է առաջացնում բոլորի համար։ Սա այն է, ինչից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է աշխատի հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ։ Բայց այս ողբերգության պատճառներից մեկը, որին մենք ականատես ենք լինում, նաև որոշակիորեն կապված է 2020 թվականին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցած իրավիճակի՝ այն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Այսքանով այստեղ կանգ կառնեմ, քանի որ կարծում եմ, որ Դուք կարող է հարցեր ունենալ այս մասին:

Լրագրող: Եվ հենց այս ուղղությամբ եմ ուզում հիմա տանել այս զրույցը, պարոն դեսպան։ Հայաստանը խորապես տուժել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունից: Կփակվե՞ն այս պատերազմի վերքերը, թե՞ վերաբացման մտավախություն կա։

Դեսպան Մկրտչյան: Շնորհակալություն հարցի համար: Իրականում մեր առջև ծառացած խնդիրներից մեկը, որի ականատեսն ենք և մեծ մտահոգությամբ հետևում ենք, իհարկե Ադրբեջանն է, որը փորձում է օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և փորձեր կատարում սրելու իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը։

Այսպես, ինչի ականատեսն ենք եղել վերջին մի քանի շաբաթների ընթացքում՝ դա հրադադարի ռեժիմի խախտումներն են տարբեր կետերում, ներառյալ նաև Հայաստանի հետ սահմանին, որտեղ վերջերս՝ ընդամենը մի քանի օր առաջ, ցավոք, հայ զինծառայող է սպանվել։ Ինչպես նաև դիպուկահար է օգտագործվում հայ գյուղացիների և այնտեղ բնակվող մարդկանց դեմ։ Միայն այս գիշեր, ամբողջ գիշերվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան սահմանները Ադրբեջանը գնդակոծել է ականանետերի, տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ, որոնք ահաբեկել են գյուղի բնակիչներին, ինչպես նաև կոչ են արել նրանց լքել այդ տարածքները: Շատ տարօրինակ է նաև, որ ադրբեջանցիները բարձրախոսներով զգուշացնում են մարդկանց հեռանալ այս տարածքներից, քանի որ նրանք պնդում են, որ դրանք իրենցը չեն, այսպես ասած, «ադրբեջանական հողեր են», ինչպես իրենք են օգտագործում իրենց հայտարարություններում:

Բայց այս հնարավորությունն օգտագործվում է մարդկանց ավելի ահաբեկելու համար, որպեսզի նրանք հեռանան Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին լարվածությունն ավելացնելու համար։ Նաև մի շատ ապշեցուցիչ, շատ տարօրինակ բան, որ մենք ականատես եղանք ընդամենը մի քանի օր առաջ. Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 000 հայերի համար գազ և էլեկտրաէներգիա մատակարարող գլխավոր գազատարի պայթեցումը, և դրանից հետո ադրբեջանցիները թույլ չեն տալիս վերականգնել գազատարի աշխատանքը՝ ըստ էության զրկելով մարդկանց ամենատարրական հիմնարար իրավունքներից և փորձելով անել ամեն ինչ Ղարաբաղը հայաթափելու համար, ինչը բացարձակապես անընդունելի է։ Սա մի բան է, որը մենք պետք է բարձրացնենք, և միջազգային հանրությունը նույնպես պետք է բարձրաձայնի… Մենք հասկանում ենք, որ այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, բայց կա նաև այլ խնդիր, որը եռում է Հարավային Կովկասում։

Լրագրող: Հաշվի առնելով այն, ինչ դուք ինձ քիչ առաջ նկարագրեցիք, ես կարծում եմ, որ Բաքվի և Երևանի հաշտեցումը այս պահին շատ հեռու սցենարի նման մի բան է: Բայց կարո՞ղ է դա երբևէ տեղի ունենալ առանց երրորդ կողմի միջնորդության անհրաժեշտության: Դեր, որը խաղացել է Ռուսաստանը 2020 թվականին: Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը և հրադադարի պահպանումը, այդպես չէ՞։

Դեսպան Մկրտչյան. Ռուսաստանը տվյալ դեպքում Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Այն հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված կրակի դադարեցման հայտարարության երաշխավորը, որը համատեղ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից։ Այսպիսով, Ռուսաստանը իրավահավասար գործընկեր է այս իրավիճակում և փորձում է այնպես անել, որ նման խախտումներ չլինեն։ Բայց Դուք իրավացի եք, որ մենք այնքան էլ մոտ չենք հակամարտության վերջնական լուծմանը։ Հակամարտությունը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, թե այն լուծված է։ Այն լուծված չէ, և դա ընդունում են ամբողջ աշխարհում, հատկապես Մինսկի խմբի համանախագահները՝ ռուսները, ամերիկացիներն ու ֆրանսիացիները։

Ֆրանսիայի նախագահը հենց երեկ, երբ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում էր, վերահաստատեց Ֆրանսիայի դիրքորոշումը, որ Ֆրանսիան պատրաստ է օգնելու հակամարտության լուծմանը, քանի որ հակամարտությունը դեռ լուծված չէ, կարգավորված չէ։ Այս իրավիճակի մեկ այլ հարթություն, իհարկե, Հայաստանի հետ սահմանն է, քանի որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի հարավային տարածք, և Հայաստանի հարավ-արևելյան հատվածի գրեթե 45 հեկտար հայկական տարածք օկուպացված է ադրբեջանցի զինվորների կողմից, և նրանք հրաժարվում են հետ քաշվել՝ դա օգտագործելով որպես բանակցություններում հայերի վրա ճնշում գործադրելու լծակ։ Բայց գործնականում դա շատ լուրջ խնդիր է: Սա շատ խնդիրներ է ստեղծում անվտանգ երթևեկության, ճանապարհների, հարավից Հայաստանի հյուսիսային հատված անցնելու համար։

Այսպիսով, մեր պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որպեսզի մենք կարողանանք սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի գործընթացը, որովհետև դա փաստացի հիմք կդներ երկու երկրների միջև ապագա խաղաղ գոյակցության համար։ Բայց Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը, և կա ևս մեկ առաջարկ, որում ասվում է, որ մենք երկուսս էլ պետք է միասին հետ քաշենք մեր զինված ուժերը սահմանից և ըստ էության ապառազմականացնենք այդ շրջանը։ Ադրբեջանցիները կրկին հրաժարվում են կատարել կամ ընդունել այդ առաջարկը, և, իհարկե, դրան պետք է ուշադրություն դարձնել։

Մեկ այլ խնդիր, որը մեծ մտահոգություն է առաջացնում, դա մշակութային ժառանգությունն է, քանի որ Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում, ինչպես գիտեք, հայերը ապրում են հազարավոր տարիներ, և Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, տաճարներ, հայկական ճարտարապետական գլուխգործոցներ: Իսկ ադրբեջանցիները, ցավոք սրտի, ստորագրումից ի վեր, հատկապես նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո պնդումներ են հնչեցնում, որ դրանք հայկական չեն, և փորձեր են արվել որտեղ հնարավոր է խեղաթյուրել կամ վերացնել հայկական մշակութային ժառանգությունը:

Եվ դա է պատճառը, որ հենց հիմա, երբ մենք զրուցում ենք, Եվրոպական խորհրդարանում քննարկում է ընթանում, քննարկվում է Եվրախորհրդարանի բազմաթիվ անդամների, այդ թվում՝ հույն և կիպրացի պատգամավորների կողմից համահեղինակված բանաձև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իրավիճակի մասին: Եվ, իհարկե, առաջին և գլխավոր կողմը, որին հասցեագրված է հորդորը, դա Ադրբեջանն է, որին կոչ է արվում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում վանդալիզմից և մշակութային ժառանգության խեղաթյուրումից։

Լրագրող. Այժմ ես կցանկանայի քննարկել ձեր երկրի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի՝ մեր ընդհանուր հարևանի հետ: Հարաբերությունները մեծ մասամբ գրեթե ոչ բարեկամական էին, բայց վերջին շրջանում կարծես թե կարգավորվում են։ Ի՞նչ եք կարծում, գուցե, եկել է ժամանակը մոռանալու պատմական տարաձայնությունները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Արդյո՞ք դա կարող է տեղի ունենալ:

Դեսպան Մկրտչյան. Ոչ ոք ոչինչ չի մոռանում: Սա պետք է շատ հստակ ֆիքսել: Ոչ ոք չի մոռանում, եթե նկատի ունեք Հայոց ցեղասպանությանը, ապա ոչ ոք, իհարկե, չի անտեսում կամ մոռանում կամ մի կողմ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը կամ կարևորությունը:

Լրագրող. Ես նկատի ունեի միայն թշնամանքը, իհարկե ոչ Ցեղասպանությունը, որը մենք դեռ կքննարկենք:

Դեսպան Մկրտչյան. Թշնամությունը հիմնականում գալիս էր նաև ԼՂ հիմնխնդրի պատճառով։ Այսպես, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, հետևաբար, միգուցե դա հնարավորություն է Հայաստանի հետ առաջ շարժվելու, թեև Հայաստանը համաձայն չէ, որ հակամարտությունը լուծված է: Եվ ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը համաձայն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։

Բայց Թուրքիան համաձայնել է առանց նախապայմանների առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև, և երկու հանդիպումներից հետո էլ Թուրքիայի ԱԳՆ-ի և Հայաստանի արտգործնախարարության գրավոր մամլո հաղորդագրություններում ընդգծվել է, որ գործընթացն առաջ է ընթանում այն գիտակցմամբ, որ մենք շարժվում ենք, մենք բանակցում ենք առանց նախապայմանների։

Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիան ըստ էության գրավոր ընդունել է այդ մոտեցումը, որը փաստացի եղել է հայկական կողմի գիծը երեք տասնամյակ շարունակ։ Երեք տասնամյակների ընթացքում մենք պնդել ենք, որ կցանկանայինք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, դիվանագիտական ներկայացուցչություններ բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և առանց որևէ նախապայմանների բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները։ Եվ նախկինում թուրքական կողմն էր, որ անընդհատ նախապայմաններ էր դնում, և հիմա մենք մեծ հույս ունենք, որ Թուրքիան հավատարիմ կմնա այս սկզբունքին, և մենք, ի վերջո, կունենանք կարգավորված հարաբերություններ երկու երկրների միջև։ 

Լրագրող. Մյուս կողմից, Հունաստանի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ հիանալի են եղել։ Հունաստանում` Սալոնիկում, կա ծաղկուն հայկական համայնք: Արդյո՞ք երկու երկրների միջև ավելի լայն զարգացման և համագործակցության հնարավորություններ կան:

Դեսպան Մկրտչյան: Եթե դուք այդ հարցը ուղղեք ցանկացած նոր, պարտականությունները ստանձնող դեսպանի, հարցն, անշուշտ, ակնհայտ կլինի: «Իհարկե կա, և հենց այդ պատճառով էլ մենք աշխատում ենք մեր հարաբերությունները զարգացնելու, բարելավելու, առաջ տանելու համար»: Կարծում եմ, որ Ձեր հարցը չափազանց կարևոր է, քանի որ իրականում երբեմն մենք կարծում ենք, որ ամեն ինչ այնքան կատարյալ է, որ կարիք չկա անհրաժեշտ ջանքեր գործադրել այս կամ այն ոլորտում, որովհետև մենք երբեմն ընդունում ենք այդ հարաբերությունները որպես ի վերուստ տրված, որ հույները գերազանց գիտեն հայերին, հայերն էլ հիանալի գիտեն հույներին: Այնպես որ, այն ամենը, ինչ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է անեն, դա պահպանել կամ սատարելն է այդ հարաբերությունները, բայց իրականում աշխարհը արագ է առաջ գնում, առաջընթաց ապրում, և դիվանագետները, և դիվանագիտական առաքելությունները և դիվանագիտական հարաբերությունները՝ նույնպես պետք է արդիականացվեն, թարմացվեն ու խորացվեն։

Ուստի, կարծում եմ, որ մեր պետությունների միջև փոխգործակցության բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման հիմքեր կան։ Եվ այսպես, ես կարող եմ սկսել քաղաքական-դիվանագիտական ոլորտից, որտեղ մենք, իհարկե, կարող ենք բարձրացնել երկու կողմերի միջև փոխգործակցությունը, խորացնել քաղաքական երկխոսությունը, և հուսով եմ հասնել մի կետի, երբ մենք կկարողանանք ռազմավարական գործընկերություն հաստատել մեր երկու երկրների միջև, իհարկե, ներառյալ նաև Կիպրոսը՝ որպես եռակողմ գործընկերություն։

Երկրորդ՝ ռազմական համագործակցությունը բավական լավ է, խորանում է և շարունակում զարգանալ։ Բայց այնտեղ էլ մենք կարող ենք համագործակցության ավելի շատ տարբերակներ ունենալ, բայց իհարկե, երկու կողմերն էլ պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Մշակութային փոխանակումները պետք է իրականում ավելի ակտիվանան, քանի որ երկու երկրներն էլ չափազանց հարուստ են մշակույթով: Հունաստանում շատ դժվար է, օրինակ, որևէ մեկին տպավորել մշակութային նվաճումներով կամ մշակութային գլուխգործոցներով, բայց Հայաստանը շատ բան ունի, որը կարող է ցուցադրել այստեղ՝ Հունաստանում, և Հունաստանը, իհարկե, նույնպես կարող է շատ բան անել, որպեսզի կիսվի իր մշակույթով Հայաստանում և բարձրացնի երիտասարդ սերնդի իրազեկվածությունը մեր մշակութային ձեռքբերումների մասին։

Լրագրող: Միգուցե քաղաքացինե՞րը կարող են օգնել այդ հարցում: Կապեր, որոնք հայկական և հունական քաղաքներն ունեն միմյանց հետ:

Դեսպան Մկրտչյան. Միանշանակ, նաև մեկ այլ ոլորտ է ակադեմիական փոխանակումներն ու ակադեմիական համագործակցությունը: Սա չափազանց կարևոր է, քանի որ երկու երկրներն էլ ունեցել են ակադեմիական և գիտական նվաճումների շատ ամուր և լավ ավանդույթներ: Այժմ մենք կարող ենք հստակորեն կիսել և ընդլայնել նաև այս համագործակցությունը։ Բայց ամենակարևորը, որ ես ուզում եմ հատուկ ընդգծել, տնտեսական դիվանագիտությունն է, որը տեսանելի հաջողությունների հասնելու ամենաբարդ ոլորտներից մեկն է, քանի որ սովորաբար դա տևում է մի քիչ ավելի երկար, ցանկացած դեսպանության տնտեսական դիվանագիտության հետևանքները սովորաբար ավելի երկարաժամկետ հեռանկարում են նկատելի դառնում։ Բայց դրա համար մենք պետք է մեր ջանքերը գործադրենք, քանի որ, ցավոք, մենք միասին ընդհանուր սահմաններ չունենք…

Լրագրող. Ինչպե՞ս կարելի է դրան հասնել: Ի՞նչ պետք է անել, ի՞նչ ճանապարհներով կարող եք դրան հասնել։

Դեսպան Մկրտչյան: Ճանապարհներից մեկն իհարկե այն է, որ երկու երկրներում էլ տեսանելի դարձնենք և գովազդենք այն, ինչ մեզանից յուրաքանչյուրը կարող է առաջարկել միմյանց, և կոնկրետ աշխատել այս ուղղություններով՝ այդ ապրանքները մեր երկրներ բերելու կամ արտահանելու և ներմուծելու համար: Երբեմն ես կրկնում եմ կամ ասում եմ, որ երբ ես ընտրություն ունեմ ընտրելու այս կամ այն ապրանքը, օրինակ, եթե կա Հունաստանում արտադրված հատուկ արտադրանք, և երբ ես, այսպես ասենք, Հայաստանում եմ, կամ եթե ես լինեի իմ նախորդ գործուղմանը՝ բալթյան երկրներում, ես միշտ կընտրեի հունական ապրանքը:

Որովհետև, սա ապրանք է, որն արտադրվում է առաջին հերթին եղբայրական երկրի ընկերության կողմից, և երկրորդ, որի որակն իր բնապահպանական առումով ինձ համար ամենաբարձրն է: Հայաստանն էլ ունի շատ նման բաներ, այնպիսի ապրանքներ, որոնք կարող է ներկայացնել այստեղ՝ Հունաստանում և ներմուծել Հունաստան։ Երկու շուկաներն էլ այնքան մեծ չեն, որքան, օրինակ, այլ շուկաներ, որտեղ մենք արտահանում ենք մեր ապրանքները։ Ենթադրենք, լինի դա Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, բայց մենք պետք է կիսվենք միմյանց արտադրանքերով և գնենք այդ արտադրանքը, և սպառողները պետք է առաջնորդվեն հետևյալ կերպ, որ կարևոր է գնել, ասենք, հայկականը, այս կամ այն հայկական արտադրանքը, և կարևոր է գնել այս կամ այն հունական արտադրանքը։

Այդ նպատակով, իհարկե, մենք պետք է շահագրգիռ հաստատությունների միջև սկսենք կազմակերպել այցելություններ, ինչպիսիք են՝ «Էնթերփրայզ Հունաստան»-ը, «Էնթերփրայզ Արմենիա»-ն, սահմանենք այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք գտնել համագործակցության եզրեր, ինչպես նաև այդ հանդիպումներին ներգրավել համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչներին և, իհարկե, փորձել զարգացնել հարաբերությունները։ Այնպես որ, շատ բան կարելի է անել, և իմ գործունեության ոլորտներից է նաև տնտեսական դիվանագիտությունը։

Լրագրող: Հիմա հասկանում եմ, որ Հայաստանը նույնպես մեծ քայլեր է ձեռնարկում երկրի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Փոխակերպումը տեղի է ունենում, և վերջերս ես կարդացի հինգ փոքր գյուղերի մասին, դրանք վերածվում են ինքնավար զբոսաշրջային ուղղությունների և խթանում են տեղական, գաստրոնոմիկ մշակույթը, հատկապես սնունդը: Որքանո՞վ եք լավատես, որ զբոսաշրջիկները կօգտվեն այդ ամենից և կփորձեն տեսնել, ջանք գործադրել՝ մոտիկից տեսնելու այս գեղեցիկ երկիրը:

Դեսպան Մկրտչյան. Այո, ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության աճ է նկատվում։ Այսպես, միտումները դրական առումով աճում են: Այն, ինչ պետք է արվի, իհարկե, այս ամենն ավելի տեսանելի դարձնելն է Հունաստանում: Հնարավոր է դա արվի Էգեյան ավիաընկերության մեր գործընկերների և բարեկամների հետ միասին, որոնք իրականացնում են Երևան-Աթենք և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթներ: Դրա համար էլ նրանց և մի քանի այլ գործընկերների հետ, ովքեր շահագրգռված են Հունաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջային ակտիվության ավելացմամբ, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Դեպի Հունաստան հայ զբոսաշրջիկների մեծ հոսք կա հատկապես ամառային շրջանում, ամառային շրջանից անմիջապես առաջ և հետո էլ: Շատ բաներ կան անելու հույն զբոսաշրջիկներին դեպի Հայաստան ներգրավվելու առումով: Սա մի ուղղություն է, որ պետք է զարգացվի, քանի որ դուք ճիշտ նշեցիք՝ գաստրո տուրիզմը, կա նաև օրինակ՝ կրոնական տուրիզմը: Կան խմբերով ճանապարհորդող մի շարք ուխտագնացություններ եվրոպական մի շարք երկրներից՝ դեպի Հայաստանով մեկ սփռված միջնադարյան հայկական եկեղեցիներ, և դրանք ֆանտաստիկ վայրեր են, որոնք արժե այցելել:

Եվ նաև Երևանը, որպես քաղաք, ունի իր տեսարժան ու գրավիչ վայրերը, և երևանյան կյանքը ընդհանրապես շատ հետաքրքիր է, շատ ակտիվ, իսկ ամռանը շատ մարդկանց հոսք կա դեպի Երևան: Հույների համար, իհարկե, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև առաջին դարում կառուցված Գառնու տաճարը, որը աշխարհի ամենալավ պահպանված հելլենիստական տաճարներից մեկն է, և կարծում եմ, որ յուրաքանչյուր հույն պետք է օգտվի հնարավորությունից գոնե մեկ անգամ իր կյանքի մեջ տեսնելու այս տաճարը:

Լրագրող: Ես կցանկանայի նաև ձեզ հարցնել, թե Հայաստանն ի՞նչ այլ ճանապարհներով է աշխատում իր զարգացման ուղղությամբ: Որո՞նք են երկրի առավելությունները այլ երկրների նկատմամբ և ի՞նչ ճանապարհներով այն պետք է փորձի առաջ շարժվել։

Դեսպան Մկրտչյան: Դե, առաջին հերթին Հայաստանն առաջ է տանում իր տնտեսական զարգացումը ոչ միայն բարեփոխումների միջոցով, այլև փորձում է ներդրողներ ներգրավել Հայաստան՝ ցույց տալով իր մշակութային ժառանգությունը… Ես չէի օգտագործի «մի երկրի առավելությունը մեկ այլ երկրի նկատմամբ», քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ, յուրօրինակ հատկանիշները, որոնք գրավում են մարդկանց դեպի իրեն: Այսպիսով, այն, ինչով Հայաստանը գրավիչ է, դա նրանով է, ինչի մասին մենք խոսեցինք՝ գաստրո զբոսաշրջություն, խոսեցինք մշակութային զբոսաշրջության մասին, եկեղեցական զբոսաշրջության մասին: Քաղաքական մթնոլորտը երկրում բավականին ազատ է, այն ազատ ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է վայելել կյանքը այնպես, ինչպես իրեն դուր է գալիս։ Աշխարհի այս հատվածում դա շատ յուրահատուկ բան է, այսպես ասած՝ աշխարհի մեր մասում:

Նաև, ՏՏ արդյունաբերությունը չափազանց կարևոր է մեր զարգացման համար, և այն թափ է հավաքում, դառնում է Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը․ մի ոլորտ, որը գրավում է բազմաթիվ մարդկանց 21-րդ դարում: Ըստ էության, սա այն ոլորտն է, որի մասին ամենից շատ խոսում են և որն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ արհեստական բանականությունը։ Այսպիսով, այս առումով մենք շատ բանի ենք հասել, և մենք կարող ենք կիսել ուրիշների հետ, և մենք, իրոք, կիսում ենք ուրիշների հետ: Օրինակ հայկական ՏՏ դպրոցը՝ Թումոն, ունի իր մասնաճյուղերը Փարիզում, Բեռլինում, տարբեր վայրերում, Լիբանանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում։ Ուրեմն ինչու՞ ոչ: Նկատի ունեմ, որ մենք կարող ենք այս դպրոցը արտահանել նաև Հունաստան և, իհարկե, պետք է աշխատել այս ուղղությամբ։

Լրագրող: Ես կցանկանայի այս քննարկումն ավարտել Սալոնիկի հայկական համայնքի մասին հարցով: Սալոնիկի հայերը որպես համայնք ձևավորվել են 1880-ական թվականների սկզբին՝ գրեթե մեկուկես դար առաջ, և նրանք քաղաքի ամենադինամիկ համայնքներից են: Կցանկանայի՞ք խոսել մեզ հետ Սալոնիկում գտնվող հայկական այս համայնքի մասին։

Դեսպան Մկրտչյան: Ես տեղյակ եմ, որ հազար տարի առաջ այստեղ հայեր են եղել, թեև պաշտոնական առումով հայերն այստեղ համեմատաբար վերջերս են ձևավորվել՝ հունական և հայկական պատմության շարունակականության տեսանկյունից, բայց հազար տարի առաջ այստեղ եղել են հայեր, քանի որ մենք Բյուզանդական կայսրության մի մասն ենք եղել, և հայերն իրենց ուրույն ներդրումն են ունեցել բյուզանդական մշակույթի և քաղաքականության մեջ:

Այսպես, Սալոնիկի հայերի վերաբերյալ։ Այն ինչ կարող եմ ասել, դա այն է, որ ես առաջին անգամ եմ այստեղ գալիս որպես Հայաստանի դեսպան և պատրաստվում եմ այսօր և վաղը հանդիպել նրանց հետ։ Ես գիտեմ, այն կենսունակ համայնք է, շատ կազմակերպված և նաև շատ հայրենասեր: Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար չափազանց կարևոր է ունենալ այնպիսի համայնքներ, որոնք կարևոր կամուրջներ են դառնում Հայաստանի և Հունաստանի համապատասխան քաղաքների միջև, և Սալոնիկի հայերը այդպիսին են: Իհարկե, ես շատ հպարտ եմ նրանցով և պատրաստվում եմ համագործակցել և աշխատել նրանց հետ ի շահ հայ-հունական հարաբերությունների զարգացման:

Լրագրող: Պարոն դեսպան, շնորհակալություն այս քննարկման համար:

Դեսպան Մկրտչյան: Շնորհակալություն հրավերի համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: